WLTP փորձարկում:

Վառելիքի ծախսի և արտանետումների քանակի ավելի իրական որոշում

Փորձարկման նոր WLTP մեթոդը։

Հնանում են նաև հավաստագրման մեթոդները։ Այդ պատճառով «Թեթև ավտոմեքենաների փորձարկման համաշխարհային համաձայնեցված ընթացակարգին», կրճատ՝ WLTP, գալիս է փոխարինելու NEFZ ընթացակարգը՝ վառելիքի ծախսի և արտանետումների ցուցանիշները որոշելու համար։ 1992թ.-ից Եվրոպայում կիրառվող «Շահագործման փորձարկման նոր եվրոպական ցիկլ»-ը (գերմ.՝ NEFZ) ի սկզբանե մշակվել է մեքենավարման տեսական փորձարկման համար։ Սակայն հավաստագրման ժամանակակից ընթացակարգը պետք է տրամադրի իրականությանը հնարավորինս մոտ արժեքներ, որոնց օգնությամբ Դուք կարող եք համեմատել ավտոմեքենաների տարբեր տեսակները։ NEFZ ընթացակարգն այլևս չի համապատասխանում այդ պահանջին։ Այդ պատճառով Միացյալ ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (UNECE) մի նախաձեռնությամբ մշակվեց WLTP փորձարկման ընթացակարգը։ Նոր WLTP ցիկլը հիմնվում է Ասիայի, Եվրոպայի և Միացյալ Նահանգների ճանապարհներին իրականացված փորձնական մեքենավարման իրական տվյալների վրա և այդ պատճառով ունի ավելի մեծ ճշտություն։

Համաձայն 2017/1151/EU կանոնակարգի հոդ. 15-ի 2-րդ և 3-րդ պարբ. գործում են կիրարկման հետևյալ ժամկետները.

  • 01.09.2017թ.՝ M1 և M2 դասի ավտոմեքենաների նոր տեսակներ
  • 01.09.2018թ.՝ M1 և M2 դասի նոր ավտոմեքենաներ
  • 01.09.2018թ.՝ N1 դասի 2-րդ և 3-րդ խմբերի և N2 դասի ավտոմեքենաների նոր տեսակներ
  • 01.09.2019թ.՝ N1 դասի 2-րդ և 3-րդ խմբերի և N2 դասի նոր ավտոմեքենաներ

Մեքենավարման նոր ցիկլ և հատկանշական ցուցանիշներ յուրաքանչյուր ավտոմեքենայի համար։

WLTP-ն ի տարբերություն NEFZ-ի։

WLTP հավաստագրման մեջ ամենից առաջ նոր են փորձարկման ցիկլը և ավտոմեքենայի հնարավորինս յուրաքանչյուր առանձին կոնֆիգուրացիայի համար վառելիքի անհատական ծախսը հաստատելու պահանջը։

Փորձարկման երկու ցիկլերի համեմատությամբ պարզ է դառնում, որ WLTP-ն, ի տարբերություն NEFZ ցիկլի, իրականությանն ավելի մոտ և խստապահանջ է. 20 րոպեի փոխարեն այն տևում է 30 րոպե, արագացումն ավելի հաճախ է, և էապես կրճատվում է մեքենայի շարժիչն անջատված վիճակում կանգնելու ժամանակը։ 131 կմ/ժ առավելագույն արագությունը նույնպես շուրջ 10 կմ/ժ-ով գերազանցում է NEFZ ցիկլի արագությանը։

Բացի այդ, WLTP մեթոդի դեպքում վառելիքի ծախսի և արտանետումների ցուցանիշները որոշվում են յուրաքանչյուր ավտոմեքենայի համար անհատապես, քանի որ մեքենայի համալրումներից կախված՝ կարող են փոփոխվել ավտոմեքենայի զանգվածը, ինչպես նաև օդի և գլորքի դիմադրությունը։ Հաշվի են առնվում նաև լրացուցիչ համալրումները։ Օրինակ, եթե Դուք ընտրում եք բարելավված աերոդինամիկայով անիվ որպես լրացուցիչ համալրում, ապա դա կարող է բավականին դրական ազդեցություն ունենալ վառելիքի ծախսի ցուցանիշների վրա։

Ավելի մոտ է ճանապարհային իրական ծախսին։

WLTP-ի առավելությունները:

Արժեքները, որոնք որոշվում են WLTP ընթացակարգով, էապես ավելի մոտ կլինեն ճանապարհին ունեցած վառելիքի իրական ծախսին, քան այն տվյալները, որոնք հաշվարկվել են NEFZ ընթացակարգի համաձայն։ Դա պայմանավորված է ավտոմեքենայի վարման նոր ցիկլով, որն ավելի լավ է պատկերում մեքենավարման այսօրվա բնութագրերը։ Բացի այդ, վառելիքի ծախսի ցուցանիշները պետք է անհատապես հաստատվեն յուրաքանչյուր ավտոմեքենայի համար։ Դա նշանակում է, որ հավաստագրման ցուցանիշների որոշման դեպքում հաշվի են առնվում զանգվածը, օդի և գլորքի դիմադրությունը, ինչպես նաև լրացուցիչ համալրումները։

Սակայն WLTP-ն չի կարող վառելիքի ծախսի «անհատական» ցուցանիշներ տրամադրել։ Այն մնում է որպես ստանդարտացված փորձարարական ցիկլ, որը չի կարող ներկայացնել վառելիքի ծախսը անհատապես յուրաքանչյուր վարորդի դեպքում։ Ձեր ավտոմեքենայի վառելիքի փաստացի ծախսը ճանապարհին առավելապես կախված է մեքենավարման անհատական ոճից, ճանապարհահատվածի բնութագրից, երթևեկության խտությունից, ավտոմեքենայի բեռնվածությունից և արտաքին պայմաններից, օրինակ՝ ջերմաստիճանից։ Դա հնարավոր չէ մեկը-մեկին ճշգրտորեն վերարտադրել ստանդարտավորված փորձարարական ընթացակարգի մեջ։